Փետրվարի 12-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի հաջորդած խորհրդի նիստը հավակնում էր պատմության մեջ մտնել իբրև սահմանադրական բարեփոխումների մեկնարկ, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նիստում ազդարարեց մեկ այլ մեկնարկ՝ վերջ այլընտրանքին, կամ ավելի ստույգ՝ ավարտ, որ բանաձևում է «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»: Որ Սերժ Սարգսյանը չափազանց համբերատար է, որ Սերժ Սարգսյանը հանդուրժող է ու հանդարտ, գիտեին բոլորը, այսօր պարզվեցին ՀՀ ու ՀՀԿ նախագահի նաև այլ որակները՝ Սերժ Սարգսյանը գիտի վերջակետել: ՀՀԿ խորհրդի նիստում նրա ելույթը դեռ երկար կքննարկվի՝ փաստի ու հետևանքների առումով: Կտրվեն նաև քաղաքական երկրորդ ուժին հալածելու ու քաղաքական դաշտից դուրս մղելու որակումներ նրա ելույթին, բայց գաղտնիք չի եղել, որ ԲՀԿ-ն իսկզբանե բիզնես-նախագիծ էր քաղաքականության մեջ ու այդպես էլ քաղաքական դաշտում մնաց անհասկանալի կարգավիճակով՝ այլընտրանքի, առանց մեկնության, թե ինչին ու ում է այլընտրանք:
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ խնդրեցի մեկնաբանել ՀՀԿ-ի խորհրդի նիստում կատարվածը:
-Իսկ ի՞նչ արտառոց իրադարձություն է տեղի ունեցել: ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերում միշտ էլ քննարկվում են երկրի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրները: Այս նիստը իսկապես կարող է պատմական դառնալ, ՀՀԿ նախագահի խոսքը առավել քան երբևէ պարզ էր, հստակ ու շիտակ: Քաղաքական դաշտում պետք է լինեն քաղաքական գործիչներ, իշխանությունը պետք է լինի իշխանություն, ընդդիմությունը՝ ընդդիմություն, այլընտրանքը կեղծ քաղաքական կատեգորիա է, դաշտը պետք է մաքրվի: ԲՀԿ-ի այլընտրանքային ինքնաբնութագիրը երկար, շատ երկար հանդուրժվել է՝ ելնելով այն մեկնակետից, որ կկայանա իբրև ընդդիմություն, քաղաքական դաշտի կայացմանը զուգահեռ, բայց քաղաքական լայնախոհությունը, հանդուրժողականությունը ևս սահմաններ ունեն, երբ դիմացինդ գերագնահատում է իր մտավոր ունակությունները ու քաղաքական հավակնությունները: Եթե հույս կար, որ ԲՀԿ-ն կարող է ձևավորել ընդդիմադիր բևեռ, այսօր ակնհայտ է, որ այդ չձևավորված ընդդիմադիր բևեռը փորձում է երկիրը տանել ցնցումների, հնչեցնում է կոչեր, որոնց ողջ իմաստն ու բովանդակությունը ինքն էլ չի գիտակցում:
-Սա ելույթ էր ընդդեմ ԲՀԿ-ի՞, թե՞ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի:
-ՀՀԿ-ն երբեք ու որևէ պարագայում ընդդեմ քայլեր չի արել ու չի անում: ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կարող է ու պարտավոր է ինքնագնահատական տալ, վերանայել իր գործունեությունը և հասկանալ իր գործունեության քաղաքական հետևանքները: ՀՀ նախագահը ընդգծեց, որ խոսքը Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւույթի մասին է և որպես ՀՀ քաղաքացու ու գործարարի՝ նրա հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում, եթե հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու բոլոր լուրերը: Այսքանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ